Հանդիսավոր նիստ` նվիրված Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանի բացման խոսքից հետո շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով հոգեւոր կրթության կարեւորությանը` նախարարը նշեց. «Հոգեւոր կրթությունն իրականում միշտ արդիական, ապագային միտված եւ իր պահանջարկն ունեցող կրթություն է, հատկապես 21-րդ դարում, որն արդեն բազմաթիվ վերլուծաբանների կողմից հոռետեսորեն բնորոշվում է որպես մի դար, երբ մարդիկ կփորձեն ավելի հեռանալ Աստծուց»:
Ա. Աշոտյանը Նորին Սրբությանը հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալը` ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ունեցած բացառիկ առաքելության, երիտասարդ սերնդի հոգեւոր դաստիարակության, կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար: Ապա ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրեր հանձնվեցին Գեւորգյան ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի վաստակաշատ մի խումբ դասախոսների:
Հանդիսության ընթացքում շնորհավորանքի խոսք ասաց նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Դպրանոցի շրջանավարտների անունից հանդես եկավ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Լսվեցին նաեւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրատան տնօրեն Գեւորգ Տեր-Վարդանյանի բանախոսությունները Սեւանի դպրանոցի պատմության վերաբերյալ:
Գիտաժողովի ավարտին ներկաներին օրհնության իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Աստծո զորակցությամբ էր, որ իրականություն դարձավ հոգեւոր կրթական այս օջախը հաստատելու մեր երազը: Այսօր անհուն երախտագիտություն ենք ապրում, որ կայացավ եւ ազգային եկեղեցական մեր անդաստանում իր հունձքը տվեց Սեւանի Վազգենյան դպրանոցը, որը դարձավ դարեր ի վեր Սեւանավանքում գործած եւ հոգեմտավոր բեղուն ու նշանակալի առաքելությամբ հայտնի վարդապետարանի ժառանգության եւ ավանդների շարունակողը: ...20 տարիների ընթացքում դպրանոցը կրթել է եկեղեցականներ, ձեւավորել նրանց իբրեւ հավատավոր հայորդաց հոգեւոր մատռվակներ: Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ ամենակալ Տերը հաջողության առաջնորդի Առաքելական մեր սուրբ եկեղեցու կրթական հաստատությունները, իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահպանի տեսչական ու դասախոսական կազմը եւ սիրելի սաներին, իր երկնառաք օրհնությունն անպակաս դարձնի ուսումնակրթական մեր հաստատություններից ներս: Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը միշտ մեզ հետ լինեն այսօր եւ հավիտյանս, ամեն»:
Եզրափակելով խոսքը` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրանոցի կայացման գործում: